Выпуск: 168 от 10/04/2014, Рубрика: Art-Review
Աղասի Այվազյան` արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր, գեղանկարիչ
 
 
Ժամանակակից հայ գրականության մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում Աղասի Այվազյանը: Ցավալի է, սակայն  անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և շատ այլ լեզուներով թարգմանված ավելի քան քսան գրքերի հեղինակին հայ ընթերցողներից քչերն են ծանոթ: Ա. Այվազյանի մասին համաձայնեց զրուցել գրականագետ, գրաքննադատ, այվազյանագետ Անի Փաշայանը:
 
 
- Սցենարիստ, ռեժիսոր, գեղանկարիչ Ա. Այվազյանին ճանաչում են շատերը: Կպատմե՞ք Այվազյան-արձակագրի, Այվազյան-դրամատուրգի մասին:
 
- Աղասի Այվազյանը ժամանակակից արձակի ներկայացուցիչներից է, մեկը, ով իր գործունեությունը սկսեց  60-ականներին:  Դա այն փայլուն գրական շրջանն էր, երբ ասպարեզ եկան այնպիսի գործիչներ, գրական մեծություններ, ինչպիսիք են Հրանտ Մաթևոսյանը, Ռուբեն Հովսեփյանը, Զորայր Խալաթյանը, Պերճ Զեյթունցյանը, Հովհաննես Գրիգորյանը  և շատերը, որոնք փաստորեն նախանշեցին այն բոլոր ճանապարհները, որոնք պետք է ուղեկցեին հայ գրականությանը մինչև այսօր: Ա. Այվազյանը ևս 60-ականների սերնդի այն փառավոր ներկայացուցիչներից մեկն է, որը արձակագիր է, որը դրամատուրգ է, որը սցենարիստ է, որը հրաշալի խմբագիր է և մեծ նախաձեռնությունների հեղինակ, ինչպես նաև գեղանկարիչ և մեծ հրապարակախոս: Սակայն առաջին հերթին Ա. Այվազյանը գրող է: Գրող ամենաիսկական, ամենալայն իմաստով: Գրող, որ իր ստեղծագործությամբ բացահայտեց մարդուն, տակնուվրա արեց այն էակին, որին անընդհատ իր թիրախում, իր ուշադրության կիզակետում էր պահում` մորը, կնոջը, հայրենիքը սիրողին,  եղբայր, քույր և երեխա կորցնողին, մարդասպանին անգամ: Մարդուն, ով կարող է և կերակուր պատրաստել և հանցագորց լինել: Այսինքն նա ասպարեզ բերեց տարբեր բնավորությունների մարդկանց, մարդկանց, ովքեր Երկիր մոլորակի բոլոր շերտերում կարծես թե կան: Նա պեղեց, տնտղեց, տակնուվրա արեց և հասկացավ, որ բոլոր մարդիկ կարևոր են, բոլոր մարդկանց ներկայությունը, և չկա մեկը, առանց որի մոլորակը երջանիկ լինի: Նույնիսկ դժբախտի և հանցագործի ներկայությունից է գույնզգույն մեր կյանքը, և առանց նրա մեր մոլորակը ինչ-որ խենթություն կկորցնի: Ահա Այվազյան-գրողի և մարդու արժեքը, կարևորությունը, պահանջը հայ գրականության մեջ:
 
-  Հայ ընթերցողների մեծամասնությանը Ա. Այվազյանը որպես գրող այնքան էլ ծանոթ չէ: Դպրոցական ծրագրում նա միայն վերջերս է գրանցվել: Ո՞րն է նրա չճանաչված լինելու պատճառը:
 
- Ամեն մի գրող իր բախտն ունի: Կան գրողներ, ովքեր հենց կենդանության օրոք արդեն շատ հայտնի են դառնում, կան գրողներ, ովքեր միայն մահվանից հետո են ընդունվում, կան նաև այնպիսինները, որոնք ճանաչում են ձեռք բերում հազարամյակներ անց միայն: Ա. Այվազյանի անունը հնչում էր, բայց մարդիկ դե ֆակտո, դե յուրե ծանոթ չէին նրա ստեղծագործությանը: Սա շատ հետաքրքիր պարադոքս է, որովհետև <<մեղավորը>>  գրաքննադատությունն էր, որը գրեթե չի անդրադարձել Ա. Այվազյանի ստեղծագործական գործունեությանը:՚
 
- Նախորդ տարվա հոկտեմբերի 18-ին մեկնարկեց հանրապետական Այվազյանական թատերական փառատոնը: Կպատմե՞ք փառատոնի մասին:    
 
- Իհարկե կպատմեմ, որովհետև կազմակերպիչներից մեկը ես եմ: Առաջին փառատոնի մեկնարկը 2010-ին է եղել, դարձյալ աշնանը: Անցած տարվա փառատոնը շատ հետաքրքիր ձևավորվեց, որովհետև գրեթե մեծ մասը ոչ պրոֆեսիոնալ թատերախմբեր էին, նույնիսկ դպրոցական կար: Կային խմբեր, որ տապալեցին Ա. Այվազյանի ներկայացումը, եղան նաև այնպիսինները, որոնք ոչ միայն կարողացան ճիշտ ներկայացնել, այլև նոր ենթատեքստ, նոր փայլ հաղորդեցին դրան: Ա. Այվազյանը արձակագիր լինելուց բացի նաև հրաշալի դրամատուրգ է: Նա ունի հրաշալի պիեսներ, 20-ից ավելի, որոնք տպագրվել են տարբեր տարիների նրա ժողովածուներում և բեմադրվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Պարսկաստանում, ԱՄՆ-ում, և հայ հանդիսատեսը մեկ անգամ չէ, որ տեսել է Ա. Այվազյանին, դիտել է նրա գործերը: Եվ կարծում եմ, որ  տարեցտարի փառատոնի դերը ավելի կամրանա և կկարևորվի, որովհետև տարեցտարի արդեն պարզ է դառնում, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել և ինչին հայացք նետել ավելի խորությամբ: Այս փառատոնը տվեց իր արդյունքները` հանդես եկան նոր կերպարներ, նոր դերասաններ, նոր ռեժիսորներ, և էլ ավելի հետաքրքրություն առաջացավ Ա. Այվազյանի անվան շուրջը:
 
- Դուք շատ անգամներ կրկնել եք, որ Ա. Այվազյանը Ձեր սիրած գրողներից մեկն է: Իսկ ինչո՞վ է նա հոգեհարազատ Ձեզ: Ինչո՞վ է նա Չեզ գրավել:
 
- Իմ դեպքքում գրականագետի և գրողի հայացքները խաչվեցին: Այսինքն սա ճակատագրական բախտավորություն եմ համարում, որովհետև ես իսկապես, ի խորոց սրտի  սիրեցի այս գրողին: Նա շատ հոգեհարազատ է իմ երևակայությանը, իմ մարդկային տեսակին, նրա վերլուծությունները, խոր փիլիսոփայությունը ինձ շատ հարազատ են: Հատկապես երախտապարտ եմ իմ դասախոսին` Աբգար Ափինյանին, ով հետաքրքիր ձևով առաջինը ներկայացրեց ինձ Ա. Այվազյաինն:
 
- Եվ վերջին հարցը` որ՞ն է Ա. Այվազյանի Ձեր ամենասիրած ստեղծագործությունը:
 
-   <<Կիրճը>> պատմվածքը, որը ես համարում եմ աշխարհի փոքրիկ մոդել: Այստեղ ավտոբուսի կերպարն է, որը վազվզում է այստեղ և այնտեղ, և այդպես էլ չի գտնում ճանապարհը, որովհետև կյանքի ճանապարհները տարբեր են: Եվ ամենակարևոր կետում, մեքենայի ամենակարևոր մասում նստած է կինը: Ա. Այվազյանը Կնոջն է դրել այդտեղ` շարժիչի վրա, այսինքն կյանքի շարժիչը կինն է, և նրա հայացքից է ամբողջ ավտոբուսը շարժվում է, գնում- գալիս… Ներքին ռիթմ հաղորդողը ամեն դեպքում, ըստ Ա. Այվազյանի, կինն է: Այս պատմվածքը նրան մեծ փառք է բերել և թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով: Գրված է գեղեցիկ, մետաֆորիկ լեզվով: Էպիտետների, համեմատությունների հրաշալի խառնարան է: Արձակի փայլուն էջ կարող եմ համարել <<Կիրճը>> պատմվածքը, որը շատերին է գրավել, այդ թվում նաև ինձ:                         
 
 
 
 
 
 
 
 
                                                                                                                                                                                                             Իսրայելյան Լուսինե
(2 կուրս,լրագրություն)
 
 
Микрофон
Fish-ка
Idea 12/03/2019