Выпуск: 169 от 28/04/2014, Рубрика: Art-Review

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ–100

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Հումանիտար ինստիտուտի առաջին կուրսեցիներն արդեն մի քանի շաբաթ պարզապես վայելում են Համո Սահյանի բանաստեղծական աշխարհի կախարդանքը: Ասմունքի մրցույթից հետո որոշվեցին հաղթողները, որոնք մայիսի 6-ին համալսարանի փոքր դահլիճի բեմ բարձրացան:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ դահլիճում հենց սկզբից ստեղծվեց ջերմ ու անկեղծ մթնոլորտ, որն օգնեց ներկաներին՝ անկախ տարիքից ու մասնագիտությունից, բեմ բարձրանալ ու ներկայացնել իրենց ճանաչած Սահյանին, պատմել բանաստեղծի մասին հուշեր և շարունակելով ուսանողների ասմունքը՝ ներկայացնել իրենց սիրած բանաստեղծությունները: Էլյայի, Արփիի, Մարիամի, Կարինեի, Դավիթի, Սարգսի, Գրիշայի, Նարինեի, Դիաննայի կատարմամբ հնչեցին իրենց ընտրած բանաստեղծությունները, իսկ Դավիթն ասմունքին հավելեց նաև իր խոսքը բանաստեղծության մասին:

Երգահան Արսեն Համբարյանը կատարեց Սահյանի տեքստերով գրած իր երկու երգերը և դահլիճի խնդրանքով՝ նաև Դ. Վարուժանի «Անդաստան» բանաստեղծության տեքստով գրած սքանչելի երգը:

Ներկաների խոսքն ընդմիջվում էր բանաստեղծի խոսքով, և ստեղծվում էր այն պատրանքը, թե դահլիճում հավաքվածները զրուցում էին նրա հետ, փորձում նրա տողերի մեջ գտնել այսօր իրենց մտահոգող հարցերի պատասախանները:

Հարցերի հարցը՝ երկիր ու հայրենիք պահելն ու պահպանելն է, որի մասին խոսեցին համալսարանի հումանիտար, տնտեսագիտության և ֆիզմաթ ինստիտուտների տնօրեններ Գ. Սարգսյանը, Է. Ղազարյանը և Է. Սանդոյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ա. Եղիազարյանը:

Համալսարանի ռեկտոր Ա. Դարբինյանի խոսքը հուզիչ էր և հասցեագրված էր Հայաստան երկրի այսօրվա 18-20 տարեկան քաղաքացիներին, հորդոր էր ամուր պահել հող հայրենին ու անմնացորդ ծառայել նրան:

Վերջում ներկաները շնորհակալություն հայտնեցին ուսանողներին և նրանց դասախոսին՝ Մ. Խաչատրյանին, որը խոստացավ բանաստեղծի 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակել նոր ուսումնական տարում:

 

 

 

 

Արփինե Ղուկասյան

(Հոգեբանության բաժնի I կուրս)

Микрофон
Fish-ка
Knowledge & skills 09/09/2019