Выпуск: 174 от 19/09/2014, Рубрика: Вдохновение
Լուսաբաց
 
 
            Հեքիաթային լռությունն իջել էր փոքրիկ քաղաքի վրա` պարուրել փողոցներն ու խճուղիները: Նիրհում էր քաղաքը, և լռության շշուկը կարծես մեղմ ու ներդաշնակ օրորոցային էր հնչեցնում նրա ականջին: Երգում էր լռությունը` երգում միայն գեղեցիկը, վեհաշուքն ու հրաշալին: Այդ պահին կարծես քաղաքը լցված էր հեքիաթով, որտեղ ապրում էր միայն  բարին:
          Մակերևույթի խավարը կամաց-կամաց իր տեղը զիջում էր ավելի հրաշագեղ մի երևույթի: Արևի առաջին շողերը կարոտած մոր պես քնքշորեն շոյում էին քաղաքի ամեն մի անկյունը, և հեքիաթային տեսարանը լցվում էր լուսավոր ստվերներով: Արևի ճառագայթները նման էին փոքրիկ աստղիկների`թափվող նիրհող քաղաքի վրա:
          Կամաց-կամաց այս ամենին սկսեցին խառնվել ծիտիկների ծլվլոցը, վաղորդյան մեղմ քամու մելամաղձոտ շշուկը, և ամեն ինչ նորից կենդանություն ապրեց, կարծես սկսեց շնչել քաղաքը և հեքիաթին փոխարինելու եկավ առօրյա իրականությունը: Քաղաքին կամաց-կամաց սկսեց տիրել ամենօրյա եռուզեռից առաջացած աղմուկը:
       Հեքիաթից չէր ուզում արթնանալ միայն քաղաքից քրչ հեռու գտնվող մի տնակ, որը պահպանել էր իրեն պարուրած լռությունը: Նրա ամայի շրջապատը կենդանությամբ էին լցնում միայն ծառից ծառ թռչկոտող չարաճճի ճնճղուկները:   
          Այդ փոքրիկ շինությունն իրենից ներկայացնում էր մի խղճուկ կացարան` նեղ պատուհաններով և տեղ-տեղ ճաքճքված պատերով: Տնակը բաղկացած էր երկու սենյակից և ձեղնահարկից, որն ուներ փոքրիկ պատշգամբ: Այն առանձնապես կահավորված չէր: Առաջին սենյակում, որն ըստ երևույթի հանդիսանում էր որպես հյուրասենյակ, փայտից պատրաստված խղճուկ սեղանիկ էր դրված և նրա կողքին երկու աթոռ, որոնք փոքր իչնչ ծռմռվել էին հնությունից: Երկրորդ սենյակը ներկայանում էր որպես ննջասենյակ: Նրա կահավորանքն էին կազմում հնամաշ բազմոցն ու անկյունում դրված զգեստապահարանը: Ձեղնահարկը շատ լուսավոր էր` ի տարբերություն սենյակների: Այնտեղ կարելի էր տեսնել նկարչական պարագաներ, պատերին կախված բազմաթիվ գունագեղ նկարներ, փոքրիկ սեղանին լցված գծանկարներ: Նեղլիկ պատշգամբից հիանալի տեսարան էր բացվում դեպի լուսաբացը դիմավորող քաղաքը:
         Պատշգամբում կանգնած էր մի փոքրամարմին երիտասարդ` անփույթ շորերով և ներկոտված ձեռքերով: Նրա հայացքն ուղղված էր դեպի ավելի ու ավելի պայծառացող արևը: Երիտասարդի տեսքից կարելի էր ենթադրել, որ գիշերն անքուն է անցկացրել, իսկ մուք շագանակագույն աչքերը տարակուսանք էին արտահայտում:  Նա կարծես փորձում էր հասկանալ լուսաբացի էությունն ու խորհուրդը, բայց նրան դա չեր հաջողվում: Արևն արդեն սկսեց այրել և նա հեռացավ պատշգամբից, մոտեցավ մի կիսաներկ կտավի, վերցրեց վրձինն ու ցանկացավ նկարել, սակայն հանկարծ ետ քաշվեց շանթահարվածի նման:
          Ինչն էր նրան խանգարում նկարել, միթե երևակայությունը չէր ներում:
       Երիտասարդը դուրս վազեց տանից և արագ քայլերով անցավ արևի ճառագայթների տակ կարծես բոցկլտացող այգով: Հրաշագեղ էր այդ պահին այգին` նման իրական մի նկարի, որն ավելի ընդհանրական էր դարձնում խրճիթի հնամաշ պատկերը: Սակայն այս ամենն անտեսված մնաց երիտասարդ նկարչի կողմից` նա անտարբեր անցավ այգով ու քայլերն ուղղեց դեպի քիչ հեռու գտնվող քչքչան գետակի ափը, որտեղ նա ըստ երևույթի հաճախ էր լինում: Նկարիչը կանգնեց գետակի ափին և երևի երկար ժամանակ կանշարժանար այդ դիրքով, եթե  մի հանկարծահաս աղմուկ չցրեր նրա քաոսային մտքերը: Աղմուկը մի ակնթարթ տևեց ու հետո խառնվելով գետակի քչքչոցին անլսելի դարձավ: Նա լարեց լսողությունը` սպասելով, որ այն նորից կկրկնվի: Եվ այդպես էլ եղավ. դա կանացի ձայն էր, որն օգնության էր կանչում, բայց այն անընդհատ կտրատվում էր` կարսես խեղդվելով ջրի ալիքներում: Ձայնը գետի խորքից էր գալիս: Երիտասարդ նկարիչն անմիջապես հասկացավ, թե ինչ է կատարվում և արագորեն մի քանի մետր վազելով գետի ափով ձայնի ուղղությամբ, հմուտ լողորդի վարպետությամբ նետվեց գետը: Նա գտավ աղջկան անգիտակից վիճակում գետի ալիքներին հանձնված, գրկեց նրա բարակ իրանը և զգուշությամբ դուրս հանեց ջրից: Բարեբախտաբար աղջիկը վախից էր կորցրել գիտակցությունը և նրա կյանքին վտանգ չէր սպառնում: Գետի ալիքները չէին հասցրել խեղդամահ անել նրան:
      Այդ օրը նկարիչը վերադարձավ տուն ավելի  պայծառ տրամա-դրությամբ, և անհյուրնկալ խրճիթն ավելի հաճո թվաց նրան: Նա անմիջապես բարձրացավ ձեղնահարկ, նստեց բազկաթոռին և երկար անթարթ նայում էր կիսաներկ կտավին: Նրա աչքի առաջ հառնում էր փոքրիկ մի դեմք` կապտած շրթունքներով և վախեցած հայացքով, ու նրա սիրտը ցնծությամբ  էր լցվում: Աշխարը կարծես մի ակնթարթում փոխվել էր, ու երազանքն ավելի մոտ էր դարձել:
          Ահա նորից քաղաքին տիրեց ցնորային խաղաղությունը, և հրաշքը նորից դարձավ իրական:
          Նիրհում էր քաղաքը, և կարծես մարդկային մտքից ծնված երազները սավառնում էին ամենուր:
       Միայն քաղաքից քիչ հեռու գտնվող տնակի պատժգամբում կանգնած էր նկարիչը և լուռ հետևում էր բնության խորհրդավոր երևույթին` միևնույն ժամանակ սպասելով լուսաբացին:
          Ահա արևի առաջին շողերը լուսավորեցին նկարչի դեմքը և նրա ճառագայթները արտացոլվելով երիտասարդի աչքերում, կարծես ներթափանցեցին մինչև նրա սիրտը և բոցավառեցին այն: Նրա աչքի առաջ մարմնացավ այն ինչ զգում էր: Նա տեսավ իր սրտում կատարվելիքն իր իսկ աչքով և անմիջապես ետ մղվեց պատշգամբից, վազեց դեպի կտավը, վերցրեց վրձինն ու սկսեց նկարել:Նրա աչքերում այլևս տարակուսանք չկար,և վրձինը սահում էր կտավի վրայով հմուտ ու վստահ: Կարծես կախարդված լինեին երկուսն էլ:
Եվ լուսաբացի ավարտի հետ ավարտված էր նաև պատկերը:
 
 
 
 
 
 
 
Արմենուհի Մխոյան
(լրագրություն, 3 կուրս)
 
 
 
Микрофон
Fish-ка
Knowledge & skills 09/09/2019