Выпуск: 178 от 24/11/2014, Рубрика: Арт-аквариум
Վերջ չկա
 
 
Երբ նայում ես նրա նկարներին, թվում է, թե հերոսները ցանկանում են թաքնվել հեքիաթում, վազում են դեպի այն ու քեզ էլ կանչում իրենց ետևից: Դեպի աշխարհ, ուր երջանկության անձրևն է տեղում ու հույսերի հավերժական մշուշն է տիրում: Նկարչի անունն էլ իր նկարների պես գեղեցիկ է ու ձգող՝ Սևան:
 
 
Սևան՝ դա Ձեր իսկակա°ն անունն է, թե կեղծանունը:
 
Այո, իսկական անունս է: Հայրս ապրել է Եթովպիայում, ուր շատ ժամանակ է անցկացրել բնության մեջ, Շալա կոչվող լճում ունեցել է լավ հուշեր, որի հմայքով տարված ուզել է ինձ անվանել Շալա, բայց մայրս ուզել է, որ հայկական անուն ունենամ, նամանավանդ որ Սևանն էլ է գեղեցիկ լիճ, այնպես որ ես երկու անուն ունեմ՝ Սևան, Շալա:
 
 
Դուք ավարտել եք գրաֆիկայի բաժինը: Ինչպե°ս ստացվեց, որ նկարները գույներ ձեռք բերեցին:
 
Գրաֆիկայի բաժնում սովորելը չի սահմանափակվում առանց գույնի նկարելով: Ես որոշեցի գրաֆիկայի բաժնում սովորել, քանի որ բացի գունանկարից սովորում էինք նաև օֆորտ անել, որը ես շատ եմ սիրում: Այլապես գունանկարը արյանս մեջ է, իմ ամենավաղ հիշողությունը գոյների և ֆորմաների մեջ է, որոնք ես պատկերացնում էի, երբ դեռ մի քանի ամսեկան էի: Բայց օֆորտը արվեստի բարձրագույն աստիճան է, ուր  նաև արհեստն է կարևոր. այսինքն դու պետք է սովորես օֆորտի ամեն մի աստիճանը, իսկ օֆորտը ստացվում է աստիճանաբար, պահանջում է ֆիզիկական աշխատանք, բացի մտայինից, ինչպես նաև մեծ նվիրում:
 
 
Դպրոցում, դասերի ժամանակ հաճա°խ էիք տետրերի լուսանցքում նկարում:
 
Էնքան էլ չէ, եթե դասը ինձ հետաքրքրում էր՝ ուշի ուշով հետևում էի, որ ոչ մի բան բաց չթողեմ: Իսկ եթե չէ, ավելի շատ սիրում էի երազել՝ լուսամուտից դուրս դիտելով:

 
Ի°նչ տրամադրության տակ է նկարչական գործընթացն ավելի հաջող առաջ գնում:
 
Տրամադրությունը էնքան էլ կարևոր չէ. երբ ասելիք ունես՝ ասում ես ինչպես կարողանում ես, անկախ տրամադրությունից: Գոյություն չունեն պայմաններ, ճիշտ տրամադրություն... Գոյություն ունի աշխատանք. կամ անում ես, կամ էլ չէ: Բայց որպեսզի բանը հասնի սրան, մարդ պետք է շատ աշխատի: Աշխատելով ենք discipline ձեռք բերում: Նկարչության համար անհրաժեշտ է նաև դիտել, քայլել, մտածել, այսինքն տեսածը հասկանալ, շատ գծանկար անել, էնքան շատ, մինչև ամեն ինչ թվա անսահման: Նկարելով հասնել այն արդյունքին, որից հետո, կարծում էիր, էլ ավելին չկա: Բայց երբ հասնում ես նրան՝ ինչ որ թվում էր գագաթնակետ, տեսնում ես, որ դեռ շատ ճանապարհ կա անցնելու: Ու դա քեզ ավելի է ոգևորում: Շարունակում ես աշխատել, նորից հասնել բարձունքների  և այդպէս անընդհատ: Գծանկարը մեծ դեր ունի նկարչի աճի մեջ ու վերջ չկա:

 
Կ°ա մի նկարիչ, որը Ձեզ շատ հոգեհարազատ է:
 
Այո, Ռեմբրանդտը: Սիրում նաև Վան Էյքին և Դյուրերին. Վան Էյքյան գույներն ու Դյուրերի գիծը:

 
Ի°նչ եք մտածում ժամանակակից նկարչության մասին:
 
Կարծում եմ, որ բոլոր ժամանակներն էլ և բոլոր վայրերն էլ կարող են լավ նկարիչներ տալ: Գտնում եմ, որ ժանր հասկացողությամբ  կամ ժամանակով սահմանափակել արվեստն անիմաստ է:
Արվեստը հիմա առավելապես պղտորում է նյութականին կառչածությունը. մարդ պետք է ազատ լինի նման մոտեցումներից, որպեսզի գերի չդառնա իբր թե "ժամանակի թելադրանքին" և իսկապես անի ինչ որ ինքն է ուզում, անկեղծաբար, ոչ թե անի ինչը որ հեշտ կվաճառվի: Նկարիչն ինքը պետք է որոշի, թե ինչ է անելու, քանի որ նա, ինչպես և երաժիշտը, գրողը, պոետը  սպունգի նման ամեն ինչ իր վրա զգալու և հավաքելու հատկություն ունի, որը իր արվեստով ետ է վերադարձնում մարդկությանը և դրանով էլ ընդհանուր տիեզերական շրջանի մաս է կազմում: Երբ նա դավաճանում է իրեն, խախտվում է նաև իր հավաքելու և վերադարձնելու շնորհքը և ընդհանրապես կապն ամենի հետ:

 
 Ո°րն է ամենահաճելի ժամանցը:
 
Բնության մեջ լինելը:

 
Շատ մարդիկ ի ծնե նկարչական ունակություններ ունեն: Ի°նչ դեր են կատարում ուսուցիչները դրանց զարգացման մեջ, չէ որ կան շատ հանճարեղ ինքնուսներ:
 
Նույնիսկ ինքնուսները սովորում են: Բառի մեջ արդեն իսկ կա հենց այդ իմաստը. ինքն ուս՝ ինքն իրեն ուսանած: Ինքն իրեն, բայց ուսումը մի տեղից քաղել է, չէ՞:
Ուսուցիչները մեծ դեր ունեն, լավագույն ուսուցիչը նա է, ով քեզ ուղղությունն է ցույց տալիս, մնացածը թողնում է, որ դու ինքդ անես, գտնես... Ես բախտավոր եմ, որ կյանքում ունեցել եմ երեք շատ լավ ուսուցիչ: Առաջինը՝ չորրորդ դասարանի թվաբանության ուսուցիչս էր, պարոն Ալեքը: Խնդիր լուծել շատ էի սիրում, բայց հաշվել՝ էնքան էլ չէ: Իր համար էլ էր կարևոր, որ երեխան լուծումը ճիշտ գտնի, ոչ թե անգիր անի կամ արտագրի: Նա ինձ գնահատում էր լիարժեք, նույնիսկ երբ լուծումն էի տալիս, բայց չէի հասցնում վերջին հաշիվը տալ: Ասում էր, կարևորը լուծումն է, հաշվել մեքենան էլ կարող է: Երկրորդը՝ հայտնի գրականագետ Օննիկ Սարգիսյանն էր, հայերենի ուսուցիչս, սուր հումորով մարդ: Թույլ էր տալիս տարբեր աղբյուրներից օգտվել, միայն թե վերջում իր հարցի պատասխանը տայինք: Ես որ անգիր անել չէի սիրում, այլ ուզում էի հասկանալ ու իմ հասկացածն ասել, ստանում էի լավագույն գնահատականը: Իսկ երրորդը՝ ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանը, նկարչության ուսուցիչս: Նա ամենա քչախոս ուսուցիչս է եղել: Նրա մեթոդը շատ հետաքրքիր է՝ ստեղծում է պայմանները, օրինակ՝ դնում է նատյուրմորտ, քեզ ասում է աշխատի, նկարի, մի երկու ուղղություն է տալիս ու թողնում, որ մնացածն ինքդ անես - գտնես, ընթացքում ինքդ քեզ բացահայտումներ անելով, և հրաշքի ականատես լինելու նման զարմանալով որ էդ ամենն ինքդ, մենակ արեցիր...

 
Արդյո°ք յուրաքանչյուր մարդ կարող է սովորել նկարել:
 
Այո, ամեն մարդ կարող է սովորել նկարել, եթէ ուզում է: Մոնրեալում՝ The Arts Club կոչվող նկարիչների միությունում բնորդ և նատյուրմորտ նկարելու արվեստանոց եմ հիմնադրել և մի քանի տարի այնտեղ դասավանդել: Մի օր երկու հիսունն անց կանայք եկան ու հարցրեցին, թե կարող եմ իրենց նկարել սովորեցնել: Դա իրենց երազանքն էր: Փորձեցինք. ես պարոն Սոխիկյանի իմ յուրացրած մեթոդով շատ բան կարողացա սովորեցնել իրենց: Բոլորը զարմացած էին իրենց գծանկարով:
Սակայն ամեն մարդ չի կարող նկարիչ դառնալ, քանի որ նկարիչ չեն դառնում: Նկարիչը, պոետը՝ մարդու էությունը պետք է լինի: Դա այնքան էլ հեշտ ճանապարհ չէ, նույնիսկ երբեմն փորձում ես դա ջնջել, բայց տեսնում ես որ չի ստացվում, դա դու ես, քո էությունն է...

 
Սիրու°մ եք աշխատել երաժշտության տակ, և եթե այո, ապա ինչպիսի:
 
Այո, հաճելի է նկարել երաժշտության տակ, բայց ոչ անհրաժեշտ ինձ համար, քանի որ ես կարող եմ բոլոր պայմաններում էլ նկարել: Ամենաշատը սիրում եմ դասական երաժշտության տակ նկարել, հատկապես Արամ Խաչատուրյանի, Մոցարտի, Սիբելյուսի ... Իսկ այլ ժանրերից՝ Փինք Ֆլոյդի, Ռուբեն Հախվերդյանի, Օկուջավայի, Լեոնարդ Քոհենի, Բիլլի Հոլիդեյի...

 
Ինչքանո°վ է կարևոր նկարչի համար ճանաչում ունենալը:
 
Կարևորը՝ ինքդ քեզ չխաբելը, ինքդ քեզ հարազատ մնալն է, քո դեմքն ու էությունը պահպանելը, քո յուրահատկությունը: Մնացածն ինքն իրեն պետք է լինի: Եթե այս ամենն անող նկարիչը ճանաչվի իր գործով՝ ուրեմն հաջողվել է, կարողացել է անել մի բան, որը մարդկանց պետք է, և ոչ թէ լցրել է արդեն իսկ առատորեն բեռնված աշխարհը ևս մի իրով, որի կարիքը չկա:

 
Ձեր նկարները գտնվում են տարբեր երկրների մասնավոր ու պետական հավաքածուներում: Իսկ դուք ինչ-որ հավաքածու ունե°ք:
 
Ինքս հավաքածու չունեմ: Շատ իրեր չեմ սիրում: Իմ նկարների վրա աշխատում եմ տարիներով, փորձում եմ աշխարհի բեռը չշատացնել և եթե պիտի ևս մեկ կտավ օգտագործեմ, աշխատում եմ իմ առավելագույնն անել ու հետո նոր այն հանձնել: Հաճախ դա տևում է տաիներ: Յուղաներկով կտավի վրա աշխատելու հմայքն էլ դա է (օֆորտի էլ ի դեպ). կարող ես տարբեր շերտեր ավելացնել նկարիդ վրա ...

 
Դուք նաև աշխատել եք անիմացիայի ստուդիաներում: Ի°նչ էիք զգում վերադառնալով մանկական երզանաքների աշխարհ:
 
Սկսեցի « Հայ Ֆիլմում », երբ մուլտ նկարել ընդհանրապես չգիտեի, այնտեղ սովորեցի ու  հասկացա, թե ինչպես է պատկերը շարժվում, ինչպես են ֆոներն ու շարժվող կերպարներն ու իրերը իրար վրա դրվում ու աշխատում... Լավ փորձ էր, ազատ, արտիստիկ մթնոլորտում: Հիշում եմ, մի մեծ թղթի վրա գունավոր տուշերով “ռասկադրովկա” (story board) էի արել, որը երկար ժամանակ մեր աշխատասենյակի պատի վրա էր... Ապա աշխատել եմ Մոնրեալի անիմացիոն ստուդիաներում: Այնտեղ ինձ համար ամենահետաքրքիր աշխատանքն եղել է Ֆրանսիացի ռեժիսսոր և անիմատոր Սիլվեն Շոմեի « Աղավնին ու Պառավը »  մուլտֆիլմի վրա աշխատելը, ուր ես շատ բան եմ սովորել: Հետագայում աշխատել եմ նաև նրա «Բելվիլի Եռյակը» մուլտֆիլմի վրա: Նաև Ռուբեն Հախվերդյանի պատվերով իր երգերի մուլտֆիլմերն եմ նկարել, որն ինձ համար շատ հետաքրքիր փորձառություն է եղել, քանի որ այդ երգերն ինձ շատ հոգեհարազատ են: Երգերից մեկը՝ «Օրորը» արել եմ իմ կյանքում ամենաշատ տպավորված հուշերով, մտքերով, պատկերներով: Այնտեղ կան և իմ աշխարհի ամենապոետիկ փոքր վայրերից մեկը թվացող՝ Լալայանց փողոցի հին տները, և այն իմ կերպարը, որ հայտնվում է ամենահուսահատ պահին ու մխիթարում  իր նվագած մեղեդիով, և այն երեխան, ում Ռուբենի երգը մխիթարում է իր միայնակության պահին...

 
Ուրիշ համալսարաններում և°ս ունեցել եք ցուցահանդեսներ, թե մերն առաջինն է:
 
Նախկինում համադրել եմ և մասնակցել եմ խմբակային ցուցահանդեսի, որը տեղի է ունեցել Ամերիկյան համալսարանում, բայց սա՝ Սլավոնական համալսարանինը, իմ առաջին անհատական ցուցահանդեսն է համալսարանում, և պետք է խոստովանեմ, որ երբ հրավեր ստացա, չէի պատկերացնում, որ էսքան հետաքրքրութուն ու ոգևորութուն կլինի իմ նկարչության հանդեպ: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի բաժնի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանին՝ նման մտահղացման համար, ուսանողությանը՝ ցուցահանդեսի իրականացման, հետաքրքրության  և իրենց ներկայության համար: Ուրախ եմ, որ մարդկանց ադքան հետաքրքրում են իմ գործերը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ելենա Հայրապետյան
Լուսինե Իսրաելյան
(3 կուրս, լրագրություն)
 
 
Микрофон
Fish-ка
Idea 12/03/2019