Выпуск: 191 от 25/12/2015, Рубрика: моно“Б”лог
 
 
Գնա՞նք շոգեբաղնիք, խրտվիլակ այրե՞նք, գուցե աթոռի՞ց ցատկենք
 
23:10. Հյուրասենյակ: Հայրը, կանգնած սեղանի մոտ, գինու և շամպայնի շշերն է բացում: Երեխաներից մեկը ափսեներն է դասավորում նույն սեղանին, մյուսն էլ, Ձմեռ պապի փափախը գլխին, վազում է խոհանոց և բերում պակասող ուտեստները: Խոհանոցում տանտիկինն է: Շտապում է ավարտել աղցանների վերջին պատրաստությունները, փաթաթել վերջին դոլման, թխվածքի վրա ընկույզ ավելացնել…
 
Տանջանքները զուր չեն անցնում: 00.00-ին ընտանիքը նստում է սեղանի շուրջը, դիմավորում Ամանորն ու շնորհավորում միմյանց: Դրանից հետո սկսվում են այցելությունները հեռու ու մոտ բարեկամներին, ընկերներին: Հայ ժողովրդի մոտ ընտանիքն ու բարեկամական կապերը միշտ էլ հատուկ տեղ են զբաղեցրել, այնպես որ Ամանորն էլ հայերը դիմավորում են հիմնականում հարազատների շրջապատում:

Այդ նույն ժամանակ…
 
Էստոնիայում Ամանորն ընդունված է նշել շոգեբաղնիքում: Նոր տարին մաքուր և առողջ դիմավորելու համար անհրաժեշտ է այնտեղ մնալ նաև ժամացույցի զանգերի ղողանջի ներքո:
Շոտլանդիայում Ամանորյա գիշերը մարդիկ փողոցներով գլորում են մազութով լցված տակառներ, որոնք խորհրդանշում են հեռացող տարին: Մեկ այլ ավանդույթ է տարածված շոտլանդական Սթոունհեվն գյուղակում: Այստեղ ընդունված է քայլել փողոցներով, գլխավերևում թափահարելով մեծ կրակե գնդեր, որոնք էլ խորհրդանշում են գալիք տարին մաքրող արևը:
Պանամայում ընդունված է այրել հայտնի մարդկանց խրտվիլակները: Դրանք կոչվում են muñeco և խորհրդանշում են հեռացող տարվա անհաջողությունները: Այրելով խրտվիլակները՝ վերանում են նաև գալիք տարվա խնդիրները: Բացի այդ, կեսգիշերին Պանամայի փողոցներում միանում են հրշեջ մեքենաների զանգերն  ու ազդանշանները: Այս աղմուկը գալիք տարին ավելի հաջողակ դարձնելու համար է:
Ճապոնիայում հնչում է զանգերի ձայնը: 108 անգամ: Զանգերը խորհրդանշում են մարդկային 6 մեղքերը՝ ագահություն, հիմարություն, չարություն, նախանձ, թեթևամտություն և անվճռականություն: Ճապոնացիների կարծիքով, դրանցից յուրաքանչյուրն ունի 18 երանգ, այդ իսկ պատճառով էլ զանգերը 108 են:
Իսպանիայում կեսգիշերին մարդիկ հավաքվում են հրապարակներում և զանգերի ղողանջի ներքո արագ ուտում խաղողի 12 հատիկ: Խաղողի յուրաքանչյուր հատիկը հաջողություն կբերի գալիք տարվա 12 ամիսների ընթացքում:
Դանիայում Ամանորը դիմավորում են կանգնելով աթոռին ու ցած թռնելով: Դա անելով՝ մարդիկ մտնում են գալիք տարվա հունվար և քշում չար հոգիներին: Բացի այդ, մարդիկ իրենց ընկերների, հարևանների դռների մոտ են նետում ջարդած ամանեղեն: Այն ընտանքիը, ում դռան մոտ կոտրած ամանեղենն ամենաշատը կլինի, գալիք տարում կլինի ամենահաջողակը:
Պերույում Նոր տարվա գիշերը աղջիկները դուրս են գալիս զբոսնելու՝ իրենց հետ վերցնելով ուռենու ոստեր: Աղջկա փեսացուն պետք է դառնա այն տղան, ում աղջիկը կառաջարկի վերցնել ոստը: Ըստ պերուական մեկ այլ ավանդույթի՝ նա, ով Ամանորի գիշերը ճամպրուկով կանցնի իր ողջ փողոցը, եկող տարի կմեկնի ցանկացած երկիր:
 
Աշխարհի տարբեր ծայրերում Ամանորը դիմավորում են յուրովի, սակայն գալիք տարուն բոլորը սպասում են նույն անհամբերությամբ ու ուրախությամբ:
 
Շնորհավո՜ր գալիք Նոր տարի:
 
 
 
 
 
 
 
 
 
                                                                                                                                                                                                                                   Իսրայելյան Լուսինե
    (Լրագրություն, 4-րդ կուրս)
 
 
Микрофон
Fish-ка
Книги 07/11/2017