ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ VS ԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ
 
Ահա և բոլորեցինք 21-րդը… Հետաքրքիր զգացողություն է առաջացել մոտս այս քսանմեկ տարվա ընթացքում. սկսել եմ խուսափել Անկախություն բառից: Բառ և հասկացություն, որը սրբության աստիճանի վեհ էր իննսունմեկին՝ այսօր կարծես կորցրել է իր արդիականությունը… Չէ՞ որ իսկապես այն ուղղված է դեպի դուրս՝ անկախություն կայսրությունից, բռնապետությունից, գաղափարական ճնշումից, ազգայինի ոչնչացումից, եսիմ էլ ինչից…
 
Իսկ մեզ այսօր հաստատ մի գաղափար է պետք, որ ուղղված կլինի դեպի ներս՝ մենք պարտավոր ենք վերջապես հավաքաքան ներուժ կուտակենք և ուղղենք այն դեպի առաջընթաց, նպատակների շուրջ միավորվենք և հավաքովի ապահովենք դրանց իրագործումը: Հասկանանք վերջապես, որ երջանիկ լինելը ոչ միայն հնարավորություն է, այլ մեր դեպքում՝ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, որը պետք է ստանձնենք մեկս մյուսի նկատմամբ և իրար օգնելով կատարենք…
 
Բայց դրա փոխարեն մեկս մյուսից ենք անկախացել, ձգտում ենք էլ ավելի անկախանալ, օտարանալ, հեռանալ… մեզ թվում է, թե բարձրանում ենք ուրիշների նկատմամբ, այնինչ իջնում ենք ինքներս մեր բարձրունքից… Երկիրն էլ "անկախացրել" ենք այն աստիճան, որ կարծես էլ ոչ մեկին պետք չենք… Անչափ ծանր է գիտակցել այս իրողությունը, երբ երբեմնի փայփայած գերագույն արժեքը նման ձևափոխման է ենթարկվել՝ մե՛ր մտքով, մ՛եր ձեռամբ…
 
Անկախությանը զուգահեռ, մի գուցե մի քիչ էլ ավելի՝ մեզ այսօր ԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ է պետք՝ իրար հանդեպ, երկրի, ժողովրդի, հողի, մշակույթի նկատմամբ… կապվածություն մեր հրաշագեղ ԲՆՈՒԹՅԱՆԸ… Չխաբվեք, զգոն եղեք, ԿԱՊՎԵ՛Ք… Հենց կապվածությունն է միակ երաշխիքը, որ չենք մխսի մեզ բաժին հասած անկախությունը…
 
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր:
 
 
Արմեն Դարբինյան
 
Комментарии
Введите код*:Click on me to change image
Микрофон
Fish-ка
Knowledge & skills 09/09/2019