Выпуск: 202 от 07/11/2017, Рубрика: Inter-View
Ստեղծագործողների կողմից սեփական իրավունքների իմացությունը մեծ դեր կխաղա
հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցում. Վազգեն Զախարյան
 
 
Հայ-Ռուսական համալսարանում տաղանդավոր և բազմակողմանի զարգացած ուսանողների պակաս չկա: Այդպիսի ուսանողներից է մեր համալսարանի Իրավունքի և քաղաքագիտության ինստիտուտի իրավագիտություն ուղղության 3-րդ կուրսի ուսանող Վազգեն Զախարյանը:
 
Նա պատմել է, թե ինչու՞ է ընտրել հենց Հայ-Ռուսական համալսարանը, իր գործունեության մասին, ինչպես նաև անդրադարձել է հայկական արվեստում մտավոր և հեղինակային իրավունքների պաշտպանության խնդիրներին:

 
Համալսարանի ընտրության մասին
 
Ես կարծում եմ, որ Հայ-Ռուսական համալսարանը հանդիսանում է Հայաստանի տարբեր ոլորտներում ապագա առաջնորդների թրծման հաստատություն: Որակյալ կրթությունը տարբեր ֆակուլտետներում բացում է հսկայական հնարավորություններ և հենց այդ պատճառով Հայ-Ռուսական համալսարան ընդունվելը յուրաքանչյուր դիմորդի համար կյանքի կարևորագույն քայլերից մեկն է: ՀՌՀ-ում կրթություն ստանալը դա հաջող և շահավետ ներդրում է սեփական ապագայի համար:

 
Մասնագիտության մասին
 
Ես նախապատվությունը տվեցի իրավաբանի մասնագիտությանը, քանզի աշխարհում կգտնվեն ոչ այնքան շատ մասնագիտություններ, որոնք կլինեն այսքան պատասխանատու, հարգված և միևնույն ժամանակ բարդ: Իրավաբան լինելը դա ամենօրյա մեթոդական մասնագիտական աշխատանք է, առաջին հերթին՝ ամենօրյա ինքնակատարելագործում: Չնայած վերը նշված բարդություններին՝ այն ունի նաև անհերքելի առավելություն՝ բազմակողմանի ընդգրկունություն: Ես սեփական օրինակով համադրում եմ արվեստն ու իրավունքը որպես գիտություն`մտավոր գործունեության արդյունքների ուսումնասիրության և պաշտպանության տեսանկյունից: Իմ գիտելիքները ես կիրառում եմ ի շահ Հայաստանի Հանրապետության: 

 
Հեղինակային իրավունքի մասին
 
Այսօր հայկական արվեստը գտնվում է բազմակողմ զարգացման ուղու վրա և այս  պարագայում գլխավոր խնդիրը տարբեր մակարդակներում  մեր արվեստի իրավական պաշտպանության ապահովումն է: Մեր գլխավոր նպատակն է յուրաքանչյուր նկարչի, քանդակագործի և ընդհանրապես ստեղծագործողի հնարավորություն տալ ստանալու գիտելիքներ սեփական իրավունքների և աշխատանքում դրանց կիրառության մասով:

Հեղինակային իրավունքի խախտումներ արձանագրվում են տարբեր մակարդակներում և տարբեր ձևերով. օրինակ՝ արվեստի գործերի կեղծումը,  անօրինական վերարտադրությունը և դրանց տարածումը: Համացանցում մենք հաճախ հանդիպում ենք նկարիչների, քանդակագործների, այսօր նաև դիզայներների աշխատանքների բնօրինակից «թխած» օրինակներ:

Տվյալ խնդրի լուծման համար ես մշակելու եմ մեխանիզմներ, որոնք հասանելի են լինելու ցանկացած ստեղծագործողին՝ սեփական իրավունքների պաշտպանության համար: Մեխանիզմները լինելու են շատ բազմազան. դրանք կարող են լինել հեղինակներին տրամադրվող ձեռնարկներ, համապատասխան տեղեկատվություն պարունակող թռուցիկներ, որոնք կօգնեն արվեստի մարդկանց սեփական իրավունքների գիտակցման տեսանկյունից:
 
Բացի այդ՝ պետք է կազմակերպվեն դասախոսություններ արվեստագետների և  արվեստի ստեղծագործությունների իրավական պաշտպանության վերաբերյալ: Այդ դասախոսությունների ձևաչափը կարող է ներդրվել նաև ԲՈՒՀ-ական համակարգում ապագա իրավաբանների, լրագրողների, նկարիչների և այլ ստեղծագործական մասնագիտությունների  համար: Անհրաժեշտ են նաև դասախոսություններ արվեստի վերաբերյալ՝ հատկապես ապագա իրավաբանների համար, որպեսզի նրանք ներսից առարկայական մասով շատ լավ տեղեկացված լինեն ոլորտից, ինչն անչափ կարևոր է:

 
Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցության մասին
 
Վերջին շրջանում Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ (ՀԲԸՄ) համագործակցության շրջանակներում մենք աշխատում էինք ամբողջ աշխարհում ստեղծագործող կոմպոզիտորների և հրատարակչությունների հեղինակային իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ: Մեր գործունեության աշխարհագրությունը ընդգրկել էր Նյու-Յորքը, Փարիզը և Մոսկվան:  
 
Ներկայումս ես համագործակցում եմ անհատ նկարիչների հետ՝ մշակելով իրավական փաթեթ, որը կապահովի իրենց իրավունքների պաշտպանությունը ինտելեկտուալ սեփականության ոլորտում: Կարևոր եմ համարում նշել, որ ինտելեկտուալ սեփականության պաշտպանությունը պետք է իրականցվի տարբեր մակարդակներում և դրանց կատարմանը պետք է հետևեն և անհատ կոլեկցիոներները, և անհատ ձեռնարկատերերը, որոնք կապված են արվեստում և մշակույթում գործունեություն ծավալած անձանց հետ, և ոլորտով հետաքրքված ոչ պետական, հասարակական կազմակերպությունները(NGO), որոնց գործունեությունը ուղղված է ստեղծագործությունների հեղինակների իրավունքների պաշտպանությանը:
 
Ես ցանկանում եմ, որ մեր ստեղծագործողները՝ մասնավորապես նկարիչները, սովորեն պաշտպանել սեփական իրավունքները, ինչը մեծ դեր կխաղա մեր ահռելի մշակութային ժառանգության պահպանության հարցում: Միայն սեփական իրավունքները իմանալով՝ մեր հեղինակները կկարողանան պաշտպանել և իրենց, և իրենց ստեղծագործությունները ոչ միայն ՀՀ օրենսդրության տեսանկյունից, այլ նաև միջազգային իրավունքի մակարդակով՝ դրանով իսկ պաշտպանելով հայ ազգի մշակութային հարստության մի ահռելի հատված:

 
Երևանի Մոսկվայի տանը 2016թ. նոյեմբերի 22-ին տեղի էր ունեցել Վազգեն Զախարյանի «XX-XXI դարերի հայկական կերպարվեստը» գրքի շնորհանդեսը, որի ստեղծման վրա հեղինակն աշխատել է 1092 օր։
 
 
 
 
Հենրիխ Մարգարյան
 
Микрофон
Fish-ка
Книги 07/11/2017