Выпуск: 204 от 08/06/2018, Рубрика: Вдохновение
Հայ-Ռուսական համալսարանում անցկացվեց շարադրությունների մրցույթ
 
 
Մայիսի 4-ին Հայ-Ռուսական համալսարանում հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց հայերենից շարադրությունների մրցույթ «Հայաստանի ապագան իմ աչքերով» և «Հայաստանի երիտասարդությունը» թեմաներով: Մրցույթին մասնակցում էին Երևանի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտները:
 
Լավագույն աշխատանք ճանաչվեց №184 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անի Ասլիկյանի՝ «Հայաստանի երիտասարդությունը» շարադրությունը: Եվս երկու՝ Ինգա Ավագյանի  և Թամարա Ավանեսյանի (№62 դպրոց, համապատասխանաբար 11-րդ և 10-րդ դասարանների աշակերտներ) «Հայաստանի ապագան իմ աչքերով»  շարադրությունները արժանացան խրախուսական մրցանակների:
 

 
Անի Ասլիկյան
№ 184 դպրոց
ΧΙ դասարան
Հայաստանի երիտասարդությունը
 
Ես ապրում եմ աշխարհի ընտրագույն երկրներից մեկում՝ Հայաստանում: Սիգապանծ ու վեհ լեռներ, կարկաչահոս աղբյուրներ ու հնամենի հուշարձան-կոթողներ. սա է Հայաստանը՝ հին, բայց նորովի ներկայացված ու շլացնող, երիտասարդ ու առույգ հոգով: Մարդիկ այստեղ ապրում են դեռևս վաղնջական ժամանակներից, բայց բոլոր սերունդներն առաջ են գնում ժամանակին համընթաց: Հայաստանցիները բարի ու սրտացավ են բոլորի նկատմամբ՝ հատկապես անծանոթների և միշտ պատրաստ են ցանկացած հարցով աջակցել դիմացինին:

Հասարակության ամենապայծառ շերտը՝ երիտասարդությունը, բոլոր ժամանակներում եղել է ազգի հիմնական ներուժը: Պատմության քառուղիներում շատ երիտասարդներ են անմահացրել սեփական անունը տարատեսակ հայրենանվեր սխրանքներով, բայց իմ և մեզ նախորդող սերունդը, թերևս, աչքի ընկնելու համար առիթներ չէր ունեցել: Ավագ սերունդը կասկածանքով ու թերահավատությամբ էր մոտենում մեզ՝ երիտասարդներիս, մինչև այն պահը, երբ ինքնադրսևորվելու հնարավորություն ունեցանք: Ապրիլյան քառօրյա պատերազմը և դրան հաջորդող օրերը բեկեցին բոլոր թյուր պատկերացումներն ու ապացուցեցին, որ գենետիկ հիշողությամբ ամրագրվածը ոչ մի դեպքում նորաձև ու ժամանակակից ազդակներով չեն քողարկի: Հենց ապրիլյան օրերին մեր սերունդը եկավ վերահաստատելու, որ տատիիկ-պապիկների պատմություններն ու ավանդած խորհուրդներն իրականում լավ են ծառայել իրենց բուն առաքելությանը: Այս օրերին մեր երիտասարդությունը կարողացավ լավագույնս դրսևորել, արդարացնել, երբեմն նաև գերազանցել նախորդների սպասումները: Կրկին պատերազմ, կրկին դժվարին դրություն, և ազգը համախմբման ճանապարհով կարողացավ հաղթահարել ամեն բան: Մեծանուն և հավերժացած հայորդիներին արյունով դարձյալ շաղախվեց հայոց հողը, իսկ ոմանք սեփական կամքով ու ընտրությամբ իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին՝ բացառելով գերեվարվելու հեռանկարը: Պատիվն ու հայրենասիրությունը նորից դարձան մեր ազգի հաղթանակի ու գոյատևման առհավատչյան:
 
Ապրիլյան ու հաջորդող օրերը շատ բան սովորեցրին մեզ, ստիպեցին է՛լ ավելի զգոնանալ և հասունանալ թռիչքային կերպով: Գրեթե բոլոր պատանիներն այս օրերին հասկացան, որ միայն խելքն ու հմտությունը կարող են սատարել մեզ և հենց դրա՛նք են այն արժեքները, որ զենքով չես խլի: Ոմանք սկսեցին է՛լ ավելի լավ սովորել, ոմանք էլ՝ ստեղծագործել, կերտել, արարել: Երիտասարդները սկսեցին մտածել գիտությանը նոր թափով զարկ տալու ու սեփական ձեռքերով տեղական անօդաչու սարքեր ու ռազմական ռոբոտներ ստեղծելու մասին, և… ստացվեց: Բոլոր-բոլորն արդեն մի մարդու պես մտածում ու մտահոգվում էին հայրենիքի վաղվա օրվա մասին և փորձում իրենց անձնական ներդրումն ունենալ հայրենաստեղծման ու հայրենակայացման դժվարին, բայց պատվաբեր գործում:
 
Այս գիտակցությունը մի օր վերաճեց ու դարձավ իշխանական լուծը թոթոփելու ցանկություն: Մենք՝ երիտասարդներս, բռնեցինք ոչ բռնի հեղափոխության ուղին: Հայրուրավոր կիլոմետրեր քայլելով, տասնյակ փողոցներ փակելով և ընդվզումներով մենք փորձեցինք լսելի դարձնել մեր ձայնն ու պահանջը իշխանության համար: Դժվար էր հեղափոխական ուղին, բայց մենք՝ որպես պատվախնդիր ճամփորդներ, կարողացանք համերաշխությամբ և խաղաղությամբ հաղթել ու իրողություն դարձնել  «թավշյա» հեղափոխությունը:
 
Ամբողջ աշխարհն է հիացած Հայստանի երիտասարդությամբ, և ես վստահ եմ, որ վաղվա Հայաստանը կերտելու ենք մենք՝ բաց ձեռքերով, պարզ ճակատով, մաքուր խղճով ու անսահման սիրով:
 

 
Ինգա Ավագյան
№ 62 դպրոց
ΧΙ դասարան
Հայաստանի ապագան իմ աչքերով
 
Մեր Հայաստանը, որը համարվում է աշխարհի հնագույն պետություններից մեկը, կարողացել է գոյատևել մի քանի հազարամյակ՝ պահպանելով իր գիրը, գրականությունը, կրոնը, մշակույթը: Հայ ազգի կենսափորձը ցույց է տվել, որ ցանկացած անելանելի պայմանենրում նույնպես կարողացել ենք պայքարել և չկոտրվել: Եվ այդ անկոտրում կամքի և հավատի մեջ է մեր ազգի գոյության բանալին: Ու այդ գոյության դառը ապացույցն է աշխարհով մեկ ափռված շուրջ 8 մլն հայությունը:
 
Տարիներ առաջ ես նույնպես, չնայած իմ կամքին, պարտավորված էի ապրել օտար հողում: Ամեն անգամ` գլուխս բարձին դնելիս, հիշում և կարոտում էի Հայաստանը, աղոթում նրա բարօրության համար: Իմ երազներում միշտ մի լքված և միայնակ նավակ էր, որը լողում էր՝ չնայած ալեկոծված օվկիանոսին, արհավիրքներին և փոթորկված եղանակին, լողում էր՝ հասնելու իր հարազատ վայրը: Նավակը քամու արագընթաց հոսքից փոխել էր իր ուղղությունը և կորցրել ճիշտ ճանապարհը: Տեղատարափ անձրևների և քամիների մեջ նավակը միշտ կանգուն էր և չէր խորտակվում, քանի որ իր մեջ հույս և հավատ կար դեռ: Անցնելով բազում դժվարությունների միջով, դեգերելով՝ հողմակոծ նավակը գտավ իր ճիշտ ճանապարհը և հասավ իր հարազատ վայրը: Ոգեշնչվելով նավակի անկոտրոնությունից և ինձ համեմատելով թեկուզ անշունչ, սակայն կարծես Աստծո կողմից կենդանություն և մեծ ուժ ստացած նավակի հետ՝ փորձեցի ելք գտնել և ամեն գնով վերադառնալ հայրենիք: Ու վերադարձա, վերադարձա, ու ինձ այլևս այցի չեկավ երազս: Եվ ինչպես ես, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում սփռված ողջ հայությունը կարծում եմ՝ ունի իր մեջ հավատի մի նշույլ, որ մի օր վերադառնալու է հարազատ տուն՝ ծխեցնելու իրենց լքված օջախները և վայելելու Հայաստանի սիրով ողողված օդն ու ջուրը: Ուստի մենք՝ երիտասարդներս, պետք է համախմբվենք և ցանկացած իրավիճակում լուծում գտնենք՝ կերտելու մեր վաղվա օրը՝ ապագան, և որ այսուհետ ապրենք ազատ, անկախ և հաղթանակած Հայաստանում:
 
Ինչպես նշել է Գ. Նժդեհը «Եթե ուզում ես գուշակել ազգի ապագան, նայիր նրա երիտասարդության աչքերի մեջ»: Այս խոսքերը մեր օրերին խիստ արդիական են, որովհետև հայ երիտասարդներն ապացուցեցին, որ հայի միասնական ուժը գերազանցելն անհնար է, անհնար է կոտրել այն գաղափարը, որ երիտասարդն է բերում ու նոր դարաշրջան կերտում, ու իր ստեղծած ամբողջությամբ լցնում սիրով ու հանդուրժողականությամբ, ստեղծում է մի աշխարհ, որտեղ չկա իմ ու քո, բարձր ու ցածր, կա միացյալ միտք, որը անգերազանցելի է: Աննկարագրելի է այս օրերին հայ երիտասարդի պայքարը, ուր չկա արյուն, զենք, չկա կռիվ, կա պար, ժպիտ ու պարծանք, որը միայն հային և հայ երիտասարդին է հատուկ: Եվ ինչպես Րաֆֆին է ասել. «Այն մարդը, ով չի ճանաչում և չի սիրում իր ազգությունը, դադարում է մարդ լինելուց»:
 
Սիրենք և ծաղկեցնենք մեր Հայստանը, որպեսզի մեր ապագա երեխաներն ու թոռները հպարտանան և առաջնորդվեն մեր իսկ անցած ճանապարհով, սիրենք ու չդադարենք մարդ լինելուց: Հավատանք, որ լուսավոր, շա՜տ լուսավոր է լինելու մեր երկրի ապագան:
 

 
Թամարա Ավանեսյան
№ 62 դպրոց
Χ դասարան
Հայաստանի ապագան իմ աչքերով
 
Պատկերացումներս Հայաստանի ապագայի մասին փառահեղ ու երանելի են: Քաջատեղյակ լինելով երկրիս պատմությանը և ապրելով ներկան՝ չեմ կարող չհավատալ նրա ապագային:

Անցյալ ունի իմ երկիրը՝ որքան ցնծալի, նույնքան ցավալի: Մի հզոր հայ ժողովուրդ, ով կերտողը եղավ բազում հաղթանակների, հաղթանակներ, որոնք կանգուն պահեցին ու շենացրին հայրենի հողը: Տառապանքներ էլ տեսավ ժողովուրդս, բայց նա այն եզակիներից է, ով հառնել գիտե իր իսկ մոխիրներից, ցավն ու զրկանքը սրտում՝ իր վաղվա օրվա հույսը չկորցնելու հավատ ունի այս ժողովուրդը:
 
Ներկա ունի իմ երկիրը: Եվ էլի հզոր ժողովուրդ, որ ապրում է, պայքարում ու ստեղծում, արդեն հաստատուն ու վճռական քայլերով առաջ շարժվում, պատմության էջերում գրում է լոկ արժանապատիվ և հպարտ երկրի մասին:
 
Ապագա ունի իմ երկիրը: Այն ավելի լուսավոր ու վառ պիտի լինի, որում այսօր առավել քան վստահ եմ:
 
Զարմանալի օրեր ապրեցինք: Այս մի քանի օր շարունակվող և հաղթանակած պայքարը ապացուցում է մի բան. այսօրվա երիտասարդությունը անպարտելի է ու նրանով հպարտանում է ողջ աշխարհը, երիտասարդություն, ում ուսերին է դրված Հայաստանի ապագան: Հպարտ եմ, որ մաս եմ կազմում այս ուժեղ և նպատակասլաց սերնդի: Ուժեղ ենք, իսկապես, տարբերվող: Այլ է լինելու մեր վաղը, ավելի լավը: Նայի՛ր նրանց՝ երիտասարդներին, ու կհամոզվես, թե որքան ինքնավստահ են, որքա՜ն արժանապատիվ, որքա՜ն միասնական ու միակամ:

Վստահ եմ, որ կհավերժի մի երկիր, որ այսպիսի երիտասարդություն ունի, կապրի մի ազգ, որ շարունակում է քաջերի սերունդը: Իրոք, իմ հայրենիքը մեր երիտասարդներն են, մեր պատմությունը, մեր հերոսները, մեր մտավորականությունը, սրտացավ և միայն իրենով չպարփակված ցանկացած հայ, ցանկացած մեկը, ով նպատակ ունի կամ ուզում է ունենալ կյանքում: Սերը դեպի հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է, և այդ արժանիքը այս օրերին համախմբեց թե՛ երիտասարդներին, թե՛ մեծերին, թե՛փոքրերին: Կարծես հայի արյան մեջ է անդադար պայքարն ու մաքառումը: Այո՛, հայը մաքառում ու պայքարում է այնքան… մինչև… մինչև ո՞ւր, միչև ե՞րբ պիտի ձգվի հայի պայքարը, ո՞ւմ դեմ օտարի՞, թե՞… յուրայինի:

Բայց այս օրերի պայքարը այլ էր: Այսօր ինչքա՜ն երկրներ իմացան մեր մասին ու ինչքա՜ն համոզվեցին, որ սա նմանը չունեցող մի շարժում էր, որ ինչպիսի ավարտ էլ ունենա, միևնույն է, հաղթական է լինելու, որովհետև հաղթական է ինքը՝ ժողովուրդը, նրա երիտասարդությունը, նրա ուժն ու կամքը:

Այո՛, պատկերացումներս Հայաստանի ապագայի մասին փառահեղ ու երանելի են:
 
 
 
 
Микрофон
Fish-ка
Хоть бы в РАУ! 13/07/2018 В мире магов известие о том, что ты зачислен в место мечты, приносят совы. В мире маглов все немного иначе. За исключением места, куда стремишься попасть. Период вступительных экзаменов позади: "шалость удалась" :) Всем удачи в новом учебном году!