Выпуск: 205 от 13/09/2018, Рубрика: Вдохновение
 
Հարյուրչորս տող... 
 
Խոսքս անհուն հեռուների 
Հարկադրված պանդուխտներին, 
Եվ անծանոթ անուններին.
 -Ինձ օտար են գարունները. 
Գարունները հավերժ պայծառ, 
Լեցուն սիրով ջերմ ու անծայր. 
Գարունները՝ նոր կյանք տվող, 
Սակայն հայից կյանքեր խլող... 
Ես հոգնել եմ գարուններից, 
Գարուններից, որ ստիպեցին 
Ծնվել ոգով անմահների, 
Դառնալ պարիսպ սահմաններին... 
Մի գարուն էլ իր հետ բերեց 
Մեր դավադիր նենգ թշնամուն, 
Անմահության գրչով գրեց 
Հարյուր քաջի պայծառ անուն... 
Իսկ ոսոխը ամենևին 
Զորավար չէր աշխարհակալ, 
Ոչ էլ բանակ հերոսների, 
Այլ թուլամորթ նենգ բռնակալ, 
Խավարամիտ ազգ մորթապաշտ, 
Որ սովոր է ապրել անհաշտ, 
Ում պատմության գրչի դժգույն 
Թանաքը դեռ չի չորացել, 
Ով ստիպեց գիշերն արթուն 
Սահմանը մեր անձայն հսկել, 
Խավարի մեջ փարոս դառնալ, 
Եվ թե հարկ է՝ հերոսանալ... 
Չէ՛, հերոսներ պետք չեն բնավ, 
Որդին է պետք հորը հարկավ, 
Մորը զավակն իր փայփայած, 
Իսկ աղջկան՝ տղան սիրած... 
Բայց չարամիտ ապրիլն էլի 
Վճռեց, որ դժբախտ հային, 
Գոյատևման կռիվ բերի, 
Ու նոր վերքեր անմարդկային։ 
Եվ խավարեց էլ ավելի 
Նոր լուսացող անամպ օրը, 
Կռվի ձայնն էր պարզ լսելի, 
Վե՛րջ, Խանգարվեց կեղծ անդորրը... 
Եվ այդ պահին խրամատում 
Կանգնած էին երկու զինվոր, 
Որոնք չէին կոփվել մարտում, 
Խաղաղությանն էին սովոր. 
Սակայն կռվի թեժ օրերին 
Արյունակից եղբայր դարձած 
Պայքարեցին մեջքը մեջքին, 
Ու զոհվեցին, անմահացան... 
Մեկն էլ ընկավ կրծքին նկար, 
Մի աղջկա վճիտ պատկեր, 
Ում խոստացավ վերադառնալ, 
Իրար գրկում հավերժ ապրել։ 
Բայց գնդակը անբարեգութ 
Խամրեց միակ երազը լուրթ, 
Եվ նա ցավով ափսոսում էր, 
Չկատարեց իր խոստումը... 
Արնոտ փոսում վերջի շնչով, 
Մարտնչում էր մի քաջ զինվոր, 
Եվ արյան հետ ջինջ աչքերից 
Արցունքի մի կաթիլ հոսեց, 
Վերջին պահին մորը հիշեց 
Եվ ցանկացավ անկարելին. 
Ա՜խ, երանի փարվեր կրկին, 
Գեթ մեկ անգամ մոր տաք գրկին... 
Ռումբի ձայնով հավերժացավ, 
Որպես հերոս նոր սերնդի, 
Բայց մոր սրտում մնաց մի ցավ, 
Երգ կորցրած, որ չի գտնի. 
Րոպեն դարձավ դեռահաս վերք, 
Տուն չի դառնա որդին երբեք... 
Մեկ այլ դիրքում, ողջ դասակից 
Լոկ մի զինվոր հաղթեց մահին, 
Բայց կոտրվեց հոգու ցավից. 
Ընկերները էլ չկային։ 
Նրանք չընկան մարտերում թեժ, 
Այլ կամեցան ապրել հավերժ, 
Դառնալ փառքի անմար կերպար, 
Վսեմանալ գործով արդար, 
Տալ սխրանքի նոր մատուցում, 
Անմահության հստակ լուծում։ 
Երաշխիքը հաղթանակի 
Հզոր հայի ոգին էր քաջ, 
Ցավոք գինը նրա կյանքի, 
Դարձավ մի զույգ ծաղիկ թոշնած, 
Որ տրվեցին որպես ընծա, 
Եվ դրվեցին տաք շիրիմին... 
Ա՜խ, երանի թե այդ անգամ, 
Տարին անցներ առանց գարնան. 
Ոչ մի ծաղիկ թող չծաղկեր,
Պարտադրված չթառամեր... 
Բայց գարունը թողեց նվեր՝ 
Լուրթ երկնքում ճախրող թևեր. 
Փառավորման անվերջ խոսքեր, 
Որ զորեղ չեն ցավ ամոքել, 
Եվ հարազատ մռայլ աչքեր, 
Որ պիտ լացեն մինչ ցամաքել... 
Անպատասխան միշտ կմնա, 
Նոր հարցերի տարափն անհուն, 
Ժամանակն էլ թող իմանա՝ 
Պետք չի՛ էլ մեզ նման գարուն, 
Մի՞թե ամեն դար ակամա 
Հայն՝ իր ցավից դարձած անքուն, 
Պիտի գրի արդիական 
《Անլռելի զանգակատուն》։ 
 
 
Եկեք ապրենք մենք ուղղակի
 
Եկեք ապրենք մենք ուղղակի, նեղ տնակում կորած բակի,
Թող մեր դուռն էլ անհույս թակի հիմար հերոսն այն առակի,
Որ ժպիտով իր խորամանկ՝ գահ բարձրացավ առանց թագի.
 
Թող երկնքից երեք խնձոր իջնի ինչպես հեքիաթում հին,
Բայց չընկնենք մենք սար ու ձոր, ո՛չ ասողին, ո՛չ լսողին,
Դեռ չի հասել ոչ մի խնձոր, ոչ էլ անհույս սպասողին։
 
Եկեք ապրենք մենք ուղղակի՝ չնայելով ժամանակին։
Եկեք կանգնենք լայն հարթակին, նայենք հպարտ, խոսենք հակիրճ,
Ու թող չզգա ո՛չ մի հիմար, որ դեր չունենք առանձնակի։
 
Եվ հարկ չէ ո՛չ վատ, ո՛չ էլ լավ հիշվել,
Ամեն պատահած կենացում նշվել,
Այլ ապրել է պետք առանց պատճառի,
Չդառնալ հյուրը քանդված տաճարի,
Եվ երկրպագել, սակայն անհավատ.
Եկ տանք կյանքին այս գեղեցիկ ավարտ։
 
 
Ես հասկանում եմ չափից ավելի
 
Ես հասկանում եմ չափից ավելի,
Աչքերս էլի մատնեցին ավաղ,
Եվ ցանկալի էր ինձ անկարելին,
Անհասանելին, իմ կամքից անկախ...
 
Գուցե լռում եմ չափից ավելի,
Բայց լռությունս տեղին է հարկավ,
Սխալ է լինել անցյալին գերի,
Իսկ ապագայով հմայվել կանխավ...
 
Ես համոզվել եմ էլի ու էլի՝
Իսկական սերը աչքերի մեջ է,
Եվ դու չես եղել երբեք անթերի,
Բայց քեզ գրկելը անհաս մի տենչ էր։
 
Ես հասկանում եմ չափից ավելի.
Ապրելու համար մի կյանքը քիչ է,
Եվ թող այն լինի ճիշտ հարյուր տարի,
Սիրելու համար մեկ դարը ի՞նչ է...
 
 
Մի վայրկյանում, Միանգամից
 
Մի վայրկյանում գիրք չի՛ գրվում,
Բայց վառվո՛ւմ է միանգամից,
Մի վայրկյանում ջուր չի՛ սառչում,
Լոկ հալչո՛ւմ է միանգամից։
 
Մի վայրկյանում դար չի՛ անցնում,
Բայց պատմվում՝ միանգամից,
Մի վայրկյանում բերդ չի՛ շարվում,
Բայց քանդվում՝ միանգամից։
 
Մի վայրկյանում չե՛ն ծերանում,
Մահանում են միանգամից,
Մի վայրկյանում չե՛ն մոռացվում,
հեռանում են միանգամից։
 
Մի վայրկյանում չե՛ն խրատվում,
Խրատվում են ճիշտ ապտակից,
Հանճարները չե՛ն վհատվում,
Անճարները՝ միանգամից։
 
Մի վայրկյանում չի՛ լուսանում
Եվ չի՛ մթնում, սակայն նորից
Սիրահարվում մի վայրկյանում
Եվ ատում են միանգամից...
 
 
 

Մելոյան Գոռ
(“Տնտեսագիտություն”, IV կուրս)
 
 
Комментарии
Введите код*:Click on me to change image
Микрофон
Fish-ка
Эволюция 13/09/2018