Выпуск: 207 от 11/03/2019, Рубрика: Вдохновение


ՀՌՀ ուսանող Անահիտ Ղազախեցյանի պոեզիան

 
***
փազլ
 
Իմ բոլոր նախորդ կյանքերում
ես փնտրել եմ քեզ,
երբ եղել եմ
առաջին հոմո սափիենսը,
ծառ,
ծովի ավազ,
Ասորեստանի արքայադուստրը,
Բաբելոնյան աշտարակը,
Հեթանոս աստվածություն,
երբ եղել եմ
զոհ,
հետո՝ զոհասեղան,
կրակապաշտ,
քրիստոնյա,
ագնոստիկ
ու աթեիստ,
երբ սուրճ եմ խմել Կանտի հետ,
ես հոլանդական դաշտերի
արևածաղիկներից էի,
ու Հեմինգուեյի կատուներից մեկը,
ես հիմնադրել եմ
Երրորդ ռեյխը,
ծրագրել Թեհրանի
մահափորձը,
սկսել Բեռլինի պատի
կառուցումը,
ներկա գտնվել Բիթլզի համերգին,
Կրակել Ջոն Լենոնի վրա,
ես եղել եմ այն գետը,
որտեղ խեղդվեց Բաքլին,
Ես Մերկուրիի
դաշնամուրն էի.
բոլոր կյանքերից
ես հավաքել եմ քեզ
ու հասցրել իմ օրեր.
ես մաս առ մաս գտել եմ քեզ
նախորդ կյանքերիցս,
երբ դու դեռ քարանձավաբնակ էիր,
կանաչավուն տերև,
ծով,
Մարաստանի թագավոր,
նորաստեղծ լեզու,
գերագույն աստվածություն,
երբ քեզ տաճարներ են նվիրել
ու մատուցել զոհեր,
երբ դու եղել ես մոգ,
բուդդայական,
աստվածամերժ
ու բողոքական,
երբ թեյ ես պատրաստել Նիցշեի հիվանդասենյակում,
երբ դու Վան Գոգն էիր,
Հեմինգուեյի զինակիցը,
որ հերթով գրկել է նրա կատուներին,
դու կապիտալիզմի սկիզբն ես,
համակենտրոնացման ճամբարի հրեաներից,
դու մեկն ես Բեռլինի պատի քանդողներից,
իմ ձեռքի ատրճանակը,
Ջեֆֆ Բաքլին,
Ֆրեդի Մերկուրիի մատները.
մենք կտոր-կտոր հավաքվել
ու հասել ենք այսօրին:
չգիտեմ՝
գտե՞լ ենք իրար,
թե պակասող կտորներից ենք:
 
 
***
Ես չեմ գրի քո մասին
այլևս ոչ մի բանաստեղծություն՝
կարճ,
երկար,
ազատ,
հանգավոր,
սևով,
կապույտով,
մատիտով,
որովհետև դու չսկսված
չես շարունակվել իմ մեջ
ու մնացել ես այդտեղ՝
ոչ առաջ գալով,
ոչ գնալով ետ:
Ինձ այլևս ոչ ոք
չի բռնի մտքի վրա՝
քո նման,
քո գույն,
քո մասին,
քո պես:
Քեզ չի հիշեցնելու
ոչ մի ֆիլմ,
փողոց,
գիրք,
նշան ու մականուն:
Ես գուցե մոռանամ աղոթել
քեզ համար
ու քեզ:
Երևի կրճատեմ,
անվանդ դիմաց գիծ դնեմ՝
ու քեզ տեղավորեմ «մոռացում» բառի
իմացածս ու չիմացածս
բոլոր թարգմանություններում,
որովհետև դու ի սկզբանե միայն բառ էիր,
բանաստեղծություն
ու վերջ:
Երևի քեզ թողնեմ
փակագծերում ու ծրարներում
նամակներիս
ու հազար լեզվով ասեմ հաջողություն՝
առանց ցտեսության իմաստի:
Գուցե վերջակետ դնեմ՝
թողնելով քեզ այստեղ
անվարտ,
թանաքոտ,
առանց հետգրության՝
քեզ հետ,
քեզանով,
քեզ համար,
ու գուցե՝
հանուն քեզ:
 
 
***
Տուն դարձիր իմ մարմնի, հոգու համար
Ու կտրիր մազերս քո ուզածով,
Հետեւիր, որ շուտ քնեմ,
Ու Սարամագո կարդամ ի վերջո։
Ինձ համար նարինջներ մաքրիր,
Ասա, որ մեջքս ուղիղ նստեմ,
Էլ երբեք չկարդամ «փսիխոզ 4:48»-ը
Ու մազերս կանաչ չներկեմ։
 
Տուն դարձիր հիշողություններիս համար՝ երկհարկանի, բաց պատշգամբով — նրանք շատ են։
Սովորեցրու՝ մարդիկ ոնց են ապրում առանց անցած թռիչքների,
Մեկ էլ՝ գերմաներեն։
 
Եղիր նա, ով կփրկի ի չարէ
Ու խոսելիս կնայի աչքերի մեջ ուղիղ,
Պատմիր՝ ինչպես է որ ապրվել է այսքան օրեր մինչեւ քեզ,
Ու ուղղակի եղիր։
 
Հետո հիշեցրու անընդհատ,
Կրկնիր դանդաղ, մի քանի լեզվով, որ
կարելի է
ապրել
Առանց ամենահարազատների
Ու մեկ էլ — երբ պատուհանդ
Օվկիանոսի վրա չի բացվում։
 
 
Микрофон
Fish-ка
Knowledge & skills 09/09/2019