Выпуск: 169 от 28/04/2014, Рубрика: Новости
                        Համո Սահյանին նվիրված միջոցառում
 
Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:
Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում: 
                              «Երեխայի  պես»
 
 
Հենց այս բանաստեղծությամբ էլ մայիսի 6-ին ՀՌՀ-ում սկսվեց Համո Սահյանի ծննդյան հարյուրամյակին նվիրված գրական-գեղարվեստական միջոցառումը: Հանդիպումն առաջինը չէր` ապրիլի 16-ին Իսահակյանի անվան գրադարանում տեղի էր ունեցել ասմունքի մրցույթ: 
 
Երեկոյի բացումն արեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ազատ Եղիազարյանը. «Հավաքվել ենք 20-րդ դարի մեծերից մեկին պատվելու համար, այս տարի հոբելյարների տարի է: Սերունդը պետք է շնորհակալ լինի Սահյանին, որ նա բարձր պահեց դրոշը»: Ա.Եղիազարյանը խոսեց նաև Սահյանի ստեղծագործությունների մասին. «…Սահյանին բնորոշ էր խռովությունը նոր կարգերի նկատմամբ»:
 
Քիչ անց բեմը հանձնեցին ուսանողներին:
«Հերի՛ք է կրկնեք», - հանգստացնում էր իրար խառնված երիտասարդներին հայոց լեզվի և գրականության  ամբիոնի դասախոս Մարգարիտա Խաչատրյանը: Վերջիններս էլ, հաղթահարելով հուզմունքը, բեմ բարձրացան: Հնչեցին Սահյանի այնպիսի հայտնի բանաստեղծություններ, ինչպիսիք են «Նաիրյան բարդի», «Ինձ բաց թողեք ես գնամ», «Ինձ բացակա չդնեք», հանրահայտ  «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ»-ը, «Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում » և  բանաստեղծի ուրիշ շատ այլ գործեր: Ելույթ ունեցող տղաներից մեկն էլ ցանկություն հայտնեց յուրովի մեկնաբանել ստեղծագործություններից մեկը, ինչն էլ մեծ ուրախությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից:
 
Այնուհետև բեմ բարձրացավ երգիչ, երգահան Արսեն Համբարյանը: Նա դիմեց հուզված երիտասարդներին, պատմելով իր ելույթներից մեկի ժամանակ պատահած զվարճալի մի դեպքի մասին, իսկ հետո ներկայացրեց Համո Սահյանի բանաստեղծություններով գրված մի քանի երգ:
«Մասնագիտությունը կարևոր չէ, մեզ միավորում է պոեզիան: Կան բաներ, որոնք տարբեր կերպ են ընդունվում, բայց տանում են այն նույն արմատական բաներին, որոնք բնորոշ են  Համո Սահյանին:
Գրականությունը գրաքննադատների համար չէ ստեղծվում, այլ մեզ նման շարքային ընթերցողների: Մեզ միավորում է բարձր գաղափարը, որ կոչվում է պոեզիա: Այն կարող է լինել ձեր միայնության ընկերը, կարող է փարատել ձեզ», - կիսվեց իր կարծիքով Հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Սարգսյանը: Խոսելով Սահյանի ստեղծագործությունների մասին, նա ասաց. «… Համո Սահյանը շատ Հայաստան է»:
 
Իր շնորհակալությունը երեկոյի համար հայտնեց Ազատ Եղիազարյանը. «Հանդիպումը վերածվեց զրույցի: Սա մեր «հավաքույթն» է: Մենք երբեք «բացակա չենք դնի» Համո Սահյանին: Ֆիզիկապես նա մեզ հետ չէ, բայց բանաստեղծները միշտ մեզ հետ են»:
 
«Եկել եմ, որ արտասանեմ», - ասելով բեմ բարձրացավ ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Եզրափակելով երեկոն` Ա. Դարբինյանը խոսեց հոգու, մտքի և լեզվի եռամիության մասին, հայ ոգու և հայության պահպանման մեջ Համո Սահյանի դերի մասին: Ավարտեց իր խոսքը կարդալով մեծ բանաստեղծի իր սիրած ստեղծագործությունը: 
 
Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։
Քարերի վրա քարե վագրեր են,
Ուր-որ է պիտի պատռեն իրար։
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար։
Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ…
Քարե ընդվզում, քարե տանջանք է,
Քարե ավար է, առևանգում…
Քարե զարմանք է ու զարհուրանք է,
Քարե թռիչք է, քարե անկում։
Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։
Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
Ու երկարում է քարերն ի վեր:
«Ուր որ նայում եմ»
 
 
 
 
 
 
 
 
 
Իսրայելյան Լուսինե
(2 կուրս,լրագրություն)
 
 
Комментарии
Введите код*:Click on me to change image
Микрофон
Fish-ка
Be the best version of yourself 12/12/2019 Be the best version of yourself :)