Рубрика: Вдохновение
Ա․Ի․ Կուպրին
                                        
ՆՌՆԱՔԱՐԵՐՈՎ ԱՊԱՐԱՆՋԱՆԸ
 
V
 
Սպասվածին հակառակ, երեկոն այնքան խաղաղ ու տաք էր, որ  պատշգամբում և ճաշասենյակում դրված մոմերը անշարժ կրակով էին վառվում։ Ճաշին բոլորին զվարճացրեց իշխան Վասիլի Լվովիչը։ Նա յուրօրինակ ու ինքնատիպ պատմելաոճ ուներ։  Որպես պատմության հիմք՝ վերցնում էր դիպված, որտեղ գլխավոր գորձող անձը ներկաներից կամ ընդհանուր ծանոթներից մեկն էր, բայց այնպես էր խտացնում գույները և դրա հետ միասին այնպիսի լուրջ դեմքով ու գործնական տոնով էր խոսում, որ լսողները ծիծաղից փորները բռնում էին։ Այսօր նա պատմում էր Նիկոլայ Նիկոլաևիչի և հարուստ ու բարետես մի տիկնոջ չստացված ամուսնության մասին։ Հիմքում ընկած էր միայն այն, որ տիկնոջ ամուսինը ամուսնալուծության համաձայնություն չէր տալիս։ Բայց իշխանի մոտ ճշմարտությունը սքանչելիորեն միաձուլվեց հորինվածքի հետ։  Լուրջ, միշտ մի քիչ խստաբարո Նիկոլային ստիպեց գիշերը վազել փողոցով՝ հագին միայն գուլպաներ, կոշիկները՝ թևատակին։ Մի տեղ անկյունում երիտասարդին կանգնեցրեց քաղաքապահ ոստիկանը, և միայն երկար ու բուռն բացատրություններից հետո Նիկոլային հաջողվեց ապացուցել, որ նա դատախազի տեղակալ է, ոչ թե գիշերային գող։ Պատմողի խոսքերով՝ հարսանիքը ուր որ է տեղի կունենար, բայց ամենակրիտիկական պահին գործին մասնակից կատաղի հրոսակախումբը գործադուլ հայտարարեց՝ աշխատավարձի հավելում պահանջելով։ Նիկոլայը ժլատությունից (նա իսկապես ժլատ էր), ինչպես նաև գործադուլների ու ընդվզումների սկզբունքային ընդդիմադիր լինելով՝ կտրականապես հրաժարվեց հավելյալ գումար վճարել՝ հիմք ընդունելով վճռաբեկ դեպարտամենտի կարծիքով հաստատված օրենքի համապատասխան հոդվածը։   Այդ ժամանակ վրդովված կեղծ վկաները լավ ծանոթ հարցին․ «Հայտնի է արդյոք ներկաներից որևէ մեկին ամուսնությանը խոչընդոտ հանդիսացող որևէ պատճառ»,- խմբով պատասխանեցին․ «Այո՛, հայտնի է։ Դատարանում երդմամբ հաստատված մեր բոլոր վկայությունները՝ բացարձակ սուտ են, որին մեզ սպառնալիքներով և բռնությամբ հարկադրել է պարոն դատախազը։ Իսկ այս տիկնոջ ամուսնու մասին, որպես տեղեկացված անձինք, կարող ենք միայն ասել, որ նա աշխարհի ամենապատվարժան մարդն է՝ հրեշտակային բարությամբ և առաքինի, ինչպես սուրբ Հովսեփը»։

Ամուսնական պատմությունների թելը բռնելով՝ իշխան Վասիլին չգթաց և Գուստավ Իվանովիչ Ֆրիեսսեին՝ Աննայի ամուսնուն, պատմելով, որ նա ամուսնության հաջորդ օրը հայտնվեց՝ ոստիկանության օգնությամբ պահանջելով նորահարսի ծնողական տնից արտաբնակեցումը, որպես առանձին անձնագիր չունեցող, և նրա բնակեցումը օրինական ամուսնու բնակության վայրում։ Այս անեկդոտի մեջ ճշմարիտ էր միայն այն, որ ամուսնական կյանքի առաջին օրերին Աննան պետք է չբացակայեր հիվանդացած մոր մոտից, քանի որ Վերան շտապ գնացել էր իրենց մոտ՝ հարավ, իսկ խեղճ Գուստավ Իվանովիչը  վհատության ու հուսալքության մեջ էր ընկել։

Բոլորը ծիծաղում էին։ Ժպտում էր և Աննան՝ իր կկոցած աչքերով։ Գուստավ Իվանովիչը բարձր ու հիացած քրքջում էր, և նրա նիհար, հարթ ձգված փայլուն մաշկով դեմքը՝ սղալած ցանցառ, բաց մազերով, ներս ընկած ակնակապիճներով, նմանվում էր գանգի՝ ծիծաղի ժամանակ գարշելի ատամները մերկացրած։ Մինչև հիմա էլ պաշտում էր Աննային, ինչպես ամուսնական կյանքի առաջին օրը, միշտ ձգտում էր նստել նրա մոտ, աննկատ դիպչում էր նրան և հոգ էր տանում այնպես սիրահարված ու ինքնավստահ, որ հաճախ խղճում և նրա փոխարեն  անհարմար էիր զգում։

Սեղանից վեր կենալուց առաջ՝ Վերա Նիկոլաևնան մեքենայաբար հաշվեց հյուրերին։ Պարզվեց՝ տասներեքն են։ Նա սնահավատ էր և մտքում ասաց․ «Լավ չէ՜, ո՞նց մտքովս շուտ չէր անցել հաշվել, Վասյան էլ է մեղավոր, հեռախոսով բան չասաց»։

Երբ Շեինների կամ Ֆրեսսեների մոտ հավաքվում էին մոտիկ ծանոթները, ճաշից հետո սովորաբար պոկեր էին խաղում, քանի որ երկու քույրերը ծիծաղելու չափ մոլախաղեր էին սիրում։ Երկու տներում այս հաշվով նույնիսկ մշակվել էին իրենց օրենքները․ բոլոր խաղացողներին հավասարապես բաժանվում էին որոշակի արժեքի ոսկրե ժետոններ, և խաղը շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև բոլոր ժետոնները չէին անցնում մեկի ձեռքը, այդժամ այդ երեկոյի խաղն ավարտվում էր, ինչքան էլ ընկերակիցները պնդեին շարունակել։ Խստիվ արգելվում էր դրամարկղից երկրորդ անգամ ժետոններ վերցնել։ Այդպիսի խիստ օրենքներ մտցվել էին՝ պրակտիկայից ելնելով, զսպելու համար իշխանուհիներ Վերա և Աննա Նիկոլաևնաներին, ովքեր դրամախաղային մոլուցքի մեջ ոչ մի զսպում չունեին։ Ընդհանուր կորուստը հազվադեպ էր հասնում հարյուր-երկուհարյուր ռուբլու։

Եվ այս անգամ նստեցին պոկեր խաղալու։ Վերան, որ չէր մասնակցում խաղին, ուզում էր դուրս գալ պատշգամբ, որտեղ թեյի սեղան էին գցում, բայց հանկարծ նրան հյուրասենյակից կանչեց աղախինը՝ փոքր-ինչ խորհրդավոր հայացքով։

-Ի՞նչ է պատահել, Դա՛շա,-դժգոհությամբ հարցրեց Վերան՝ անցնելով ննջասենյակի հարևանությամբ գտնվող իր փոքրիկ գրասենյակը։ -Ի՞նչ հիմար տեսք ունեք։ Եվ ի՞նչ եք պտտում ձեռքում։  

Դաշան սեղանին դրեց ոչ մեծ քառակուսի առարկա՝ կոկիկ փաթաթված սպիտակ թղթի մեջ և խնամքով կապված վարդագույն ժապավենով։
-Աստվա՛ծ վկա, մեղավոր չեմ, ձերդ պայծառափայլությու՛ն,- թոթովեց նա՝ վիրավորանքից կարմրատակելով։ -Նա եկավ և ասաց․․․
-Այդ ո՞վ՝ նա։
-Կարմիր գլխարկը, ձերդ պայծառափայլություն․․․ առաքականը։    
-Եվ ի՞նչ։
-Եկավ խոհանոց և այ սա սեղանին դրեց։ «Փոխանցեք, ասում է, ձեր տիրուհուն։ Բայց միայն, ասում է, նրան սեփական ձեռքը կտաք։ Ես հարցնում եմ՝ ումի՞ց։ Ինքն էլ ասում է․ «Այստեղ ամեն ինչ նշված է»։ Ու էդ բառերով էլ փախավ։
-Դե գնա, փորձի՛ր հասնել նրան։
-Ոչ մի ձև չես հասնի, ձերդ պայծառափայլությո՛ւն։ Նա եկել էր ճաշի կեսերին, մենակ թե ես չէի համարձակվում Ձեզ անհանգստացնել, ձերդ պայծառափայլությու՛ն։ Կես ժամ արդեն կլինի։
-Դե լավ, գնացե՛ք։

Նա մկրատով կտրեց ժապավենը և նետեց աղբամանի մեջ թղթի հետ միասին, որի վրա գրված էր նրա հասցեն։ Թղթի տակ թավշյա կարմիր ոսկերչական տուփ էր, ըստ երևույթին, հենց նոր՝ խանութից։ Վերան բարձրացրեց կափարիչը՝ ներսից  բաց կապույտ մետաքս ամրացված, և տեսավ սև թավիշի մեջ մտցրած օվալաձև ոսկե ապարանջան, իսկ դրա ներսում խնամքով գեղեցիկ ութանկյուն ծալված գրություն։ Նա արագ բացեց թուղթը։ Ձեռագիրը նրան ծանոթ էր, բայց որպես իսկական կին, նա անմիջապես կողք դրեց գրությունը, որ զննի ապարանջանը։

Այն ոսկյա էր, ցածրահարգ, շատ հաստ, բայց սնամեջ և դրսի մասից ամբողջությամբ պատված ոչ մեծ, հնամենի, վատ հղկված նռնաքարերով։ Բայց փոխարենը, մեջտեղից մի փոքրիկ տարօրինակ կանաչ քար շրջապատելով, խոյանում էին հինգ հիասքանչ կաբոշոն-նռնաքարեր՝ ամեն մեկը սիսեռի չափ։ Երբ Վերան պատահական շարժումով հաջող շրջեց թևնոցը էլեկտրական լամպի կրակի առաջ, նրանց մեջ՝ ձվաձև մակերեսի խորքում, հանկարծ վառվեցին հիանալի խիտ կարմիր կենդանի կրակներ։

«Ասես արյուն լինի»,- անսպասելի տագնապով մտածեց Վերան։

Հետո նա հիշեց նամակի մասին և բացեց այն։ Կարդաց հետևյալ տողերը՝ գրված մանր, հիասքանչ գեղագրական ձեռագրով։
 
«Ձերդ պայծառափայլությու՛ն,
Մեծարգո՛ իշխանուհի,
Վերա Նիկոլաևնա։
 
 
 Հարգանքով շնորհավորում եմ Ձեզ Ձեր Հրեշտակի՝ լուսավոր և ուրախ օրվա առթիվ, համարձակվում եմ Ձեզ ուղարկել իմ՝ հավատարիմ հպատակիս համեստ նվերը»։
«Ահ, սա նա է»,- դժգոհությամբ մտածեց Վերան։ Այդուհանդերձ շարունակեց կարդալ նամակը․․․
«Ես ինձ երբեք թույլ չէի տա անձամբ իմ կողմից ընտրված ինչ-որ բան նվիրել Ձեզ․ դրա ո՛չ իրավունքը ունեմ, ո՛չ նուրբ ճաշակ և խոստովանեմ՝ ոչ էլ փող։ Թեև կարծում եմ, որ ողջ աշխարհում այնպիսի գանձ չի գտնվի, որ արժանի լինի զարդարել Ձեզ ։ 

Բայց այս ապարանջանը դեռ իմ մեծ տատին էր պատկանում, վերջինը հանգուցյալ մայրս էր կրում։ Մեջտեղում՝ մեծ քարերի արանքում, կտեսնեք մի հատ կանաչը։ Դա նռնաքարի շատ հազվագյուտ տեսակ է՝ կանաչ նռանքար։ Մեր ընտանքիում պահպանված վաղեմի ավանդության համաձայն այն իրեն կրող կանաց կանխատեսելու ընդունակություն փոխանցելու հատկություն ունի և նրանցից վանում է ծանր մտքերը, տղամարդկանց էլ  պաշտպանում է բռնի մահով մեռնելուց։

Բոլոր քարերը նույնությամբ տեղափոխվել են այստեղ հին արծաթյա  ապարաջանից, և կարող եք վստահ լինել, որ Ձեզնից առաջ ոչ ոք չի կրել այս ապարանջանը։

Դուք կարող եք հենց հիմա դեն նետել այս ծիծաղելի խաղալիքը կամ նվիրել այն ինչ-որ մեկին, բայց ես երջանիկ կլինեմ և այն բանից, որ Ձեր ձեռքերը դիպչել են դրան։

Խնդրում եմ, մի՛ զայրացեք ինձ վրա։ Շիկնում եմ յոթ տարի առաջ իմ հանդգնությունը հիշելուց, երբ Ձեզ՝ օրիորդիդ, համարձակվեցի գրել հիմար և խենթ նամակներ և նույնիսկ պատասխանի սպասել։ Այժմ իմ մեջ միայն ակնածանք է, հավերժ խոնարհում ու ստրկական հավատարմություն։ 

Այժմ միայն կարող եմ ամեն րոպե Ձեզ երջանկություն մաղթել և ուրախանալ, եթե երջանիկ եք։ Մտովի խոնարհվում եմ կահույքին, որի վրա նստում եք, մանրատախտակին, որի վրայով քայլում եք, ծառերին, որոնց կողքով անցնելիս դիպչում եք, աղախնին, ում հետ խոսում եք։ Ես նույնիսկ նախանձ չունեմ ո՛չ մարդկանց, ո՛չ էլ առարկաների նկատմամբ։

Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում, որ անհանգստացրեցի Ձեզ երկար, անպետք նամակով։

Ձեր ի մահ և հետմահու խոնարհ ծառա։
                                                                                                                                       Գ․ Ս․ Ժ․»։
 
«Ցու՞յց տալ Վասյային, թե՞ ոչ։ Եվ եթե ցույց տալ, ապա ե՞րբ։ Հիմա՞, թե հյուրերի գնալուց հետո։ Չէ՛, ավելի լավ է հետո, հիմա ոչ միայն այս թշվառն է ծիծաղելի լինելու, այլ ես էլ՝ նրա հետ միասին»։

Այսպես էր խորհում իշխանուհի Վերան և չէր կարողանում աչքը կտրել հինգ նռնաքրերի ներսում դողացող հինգ ալ արյունոտ կրակներից։
 
 
 
 
 
 
 
                                                                                  Թարգմանությունը՝  Նոննա Արզումանյանի
(«Թարգմանչական գործ» մագիստրոսական ծրագրի I կուրսի  ուսանողուհի)
 
 
Микрофон
Fish-ка
Be the best version of yourself 12/12/2019 Be the best version of yourself :)